Շաբաթ օրը Ավստրիայի մայրաքաղաքում անցկացվող Westlicht աճուրդում ռեկորդային 2.976 մլն դոլարով վաճառվել է Leica-ի առաջին ֆոտոխցիկներից մեկը: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, իր կայքում հայտնում է աճուրդի տան մամուլի ծառայությունը:

«Այս ռեկորդային գինը վկայում է Leica բրենդի շարունակվող եւ աճող միֆի մասին»,- աճուրդի մամուլի ծառայությունը մեջբերում է Leica Camera AG գերմանական ընկերության սեփականատեր Անդրեաս Կաուֆմանի խոսքերը: Ըստ Westlicht-ի մամուլի ծառայության, տեսախցիկը ձեռք է բերել անհայտ մասնավոր կոլեկցիոներն Ասիայից:

Ինչպես հաղորդվում է Leica Camera AG-ի կայքէջում, այս տեսախցիկը ստեղծվել է 1923 թվականին Leica բրենդի հիմնադիր Էրնստ Լեյթցի կողմից՝ Leica-ի առաջին սերիական ֆոտոխցիկների թողարկումից երկու տարի առաջ: Այդ ժամանակ ստեղծված 25 ֆոտոխցիկներից միայն երեքն են՝ ներառյալ վաճառվածը, գտնվում են աշխատող վիճակում: