2011 թ. հսկիչ-դրամարկղային մեքենաներ օգտագործող հարկատուները ստիպված կլինեն ոչ թե կապարակնքել այդ մեքենաները, այլ դրոշմակնքել ինքնասոսնձվող նյութով։
Նման որոշում է պատրաստել պետեկամուտների կոմիտեն՝ ներկայացնելով այն կառավարության առաջիկա նիստի հաստատմանը։
Գործող կարգի համաձայն՝ հարկային տեսչությունը հսկիչ-դրամարկղային մեքենաները կապարակնքում է հարկային տեսչության կլոր կնիքով: Հարկային տեսչության կնիքով կնքված սպիտակ թուղթը սոսնձով փակցվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների վրա: Սակայն նշված թուղթը չունի պաշտպանվածություն արտաքին ազդեցություններից (խոնավություն, արեւի ճառագայթներ եւ այլն), վնասվում է եւ ժամանակի ընթացքում պոկվում:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաները օգտագործվում են երկար տարիներ եւ այդ ընթացքում մի քանի անգամ անհրաժեշտություն է առաջանում այդ կապարակնիքները փոխարինել՝ յուրաքանչյուր անգամ այցելելով հարկային տեսչություն։
Այդ անիմաստ այցելություները կանխելու նպատակով՝ ՊԵԿ-ն առաջարկում է ՀԴՄ-երի դրոշմակնքման համար կիրառել ինքնասոսնձվող դրոշմանիշեր, որոնք ունեն պաշտպանվածություն արտաքին ազդեցություններից եւ ժամանակի ընթացքում չեն վնասվում:
Ըստ ՊԵԿ-ի կողմից ներկայացված բացատրագրի՝ սույն փոփոխությունը տնտեսվարողների համար հավելյալ ծախս չի առաջացնի։




























