Հունվարի 6-ին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տղամարդը մահացել է ոչ թե հրմշտոցի պատճառով, ինչպես նշել են լրատվամիջոցները, այլ սրտի հիվանդության: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից:

«Ականատեսների վկայությամբ՝ նա օգտագործել է շնչառությունը բացող աերոզոլ: Ցավոք, սակայն, դա մահվան ելքով է ավարտվել: Հաջորդ օրը՝ Մեռելոցին, հանգուցյալի հիշատակի համար կատարվել է հոգեհանգստյան կարգ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 6-ին, ժամը 14:30-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ վատացել եւ ուշագնաց է եղել մի տղամարդ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ մինչ եկեղեցի կժամաներ շտապաօգնության բրիգադը, տղամարդը մահացել էր:

Պարզվել էր, որ նա Նոր Արեշի 51-ամյա բնակիչ Անուշավան Կարապետի Հովհաննիսյանն է:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: