Սերգեյ Փարաջանովի 87-ամյակը նրա անվան տուն-թանգարանում այս տարի նշել են նրա ամենամտերիմ ընկերները՝ մոտ 20-25 արվեստագետներ։ NEWS.am-ի թղթակցին այս մասին պատմեց տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
«Սկզբում գնացինք Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրեցինք նրա շիրիմին, խունկ ծխեցինք, իսկ հետո մտերիմներով վերադարձանք թանգարան եւ այստեղ էլ նշեցինք ռեժիսորի ծնունդը»,- ասաց Զավեն Սարգսյանը:
Անդրադառնալով 2011-ին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կողմից իրականացվելիք միջոցառումների շարքին՝ նա նշեց, որ արդեն հունվարի վերջերին նախատեսվում է ցուցահանդես բացել Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ «Մյուս ցուցահանդեսը նախատեսված է անցկացնել Սան Պաուլոյում՝ 2011 թվականի հոկտեմբերին։ Ցուցահանդսներին զուգահեռ՝ կներկայացվեն նաեւ Փարաջանովի ֆիլմերը»,- նշեց Սարգսյանը:
Ամփոփելով՝ նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է նաեւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հիմնադրման 20-ամյակը։ «Այդ հոբելյանն էլ ինչ-որ կերպ կնշենք»- ասաց Զավեն Սարգսյանը:
Նշենք, որ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թ հունվարի 9-ին։ 1952 թ. ավարտել է Կինեմոտոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը՝ ուսանելով Ալեքսանդր Դովժենկոյին եւ Միխայիլ Ռոմին։ Նրա՝ «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ ղարիբը» բազմիցս արժանացել են միջազգային փառատոնների հեղինակավոր մրցանակների և դասվում են համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների շարքը։
Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին:





























