ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը 2011 թվականը դիմավորել է սովորականի պես, առանց արտառոց միջադեպերի: Դիմավորել է ընկերների շրջապատում, լսել քաղաքական եւ անձնական բնույթի մաղթանքներ ու շնորհավորանքներ: Վարդան Բոստանջյանը նույնպես մաղթանք ունի՝ ուղղված բոլորին. «Կոչ եմ անում խաղաղության, հանդուրժողականության, համբերատարության, որոշ պարագաներում՝ մինչեւ անգամ նեղություն տանք ինքներս մեզ՝ հանուն լավ հետագայի, բարեկեցիկ կյանքի»:

Նա, ի դեպ, այն պատգամավորներից է, ով շատ ընկերներ ունի. իր ձեւակերպմամբ՝  քաղաքական մյուս դաշտում՝ ընդդիմությունում եւ Նոր տարվա առթիվ այցելել է նրանց: Վերջիներս էլ հյուր են եկել իրեն՝ Բոստանջյանին: Նրանք են. ՀՅԴ-ից, մասնավորապես, Արծվիկ Մինասյանն ու Արա Նռանյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ այլք: «Նրանք բոլորն էլ կամեցողական մաղթանքներ են հղել՝ ավելի լավ հեռանկարի սպասումով»,-նշեց Բոստանջյանը: Իսկ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ ԲՀԿ-ն հանդիպել է Նոր տարվան ընդառաջ, շնորհավորհել գալիք տոների առթիվ, եւ այսպիսով կանխել բուն Նոր տարում միմյանց տներ այցելելու ոչ այնքան հաճելի գործընթացը:

Վարդան Բոստանջյանը Նոր տարվա առթիվ որեւէ նվեր չի ստացել: «Ես նվերների չեմ սպասում եւ չեմ ուզում մտածել, որ Նոր տարին անպայման պետք է ուղեկցվի նվերներ տալով կամ ընդունելով»,-նշեց պատգամավորը: Նա որոշ կանխատեսումներ արեց 2011 թվականի վերաբերյալ. նշեց, որ այս տարի քաղաքական եւ տնտեսական առումով կլինի ավելի լավը, քան՝ 2010 թվականը: «Բոլոր դեպքերում դժվարությունները բազմաթիվ են լինելու: Մենք կարողացանք 2010 թվականին դուրս չգալ թույլատրելի իրավիճակից, եւ կարծում եմ, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի 2011 թվականը ավելի լավը լինի»,-հույս հայտնեց Բոստանջյանը: