Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գեւորգյանը, ով սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 2015 թվականի ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը:

«Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Անի Գեւորգյանը պատմել է, որ Հոքինգի հանդեպ իր հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակ, երբ իմացել է, որ սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդը դարձել է աշխարհահռչակ գիտնական:

«Դա ինձ շատ է ոգեւորել եւ երբ 2015թ.-ին տեղեկացա, որ Արցախում է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ով անձամբ կապ ուներ Հոքինգի հետ, խնդրեցի նրան իմ ձեռքով պատրաստած դիմանկարը փոխանցել մեծ գիտնականին: Հետո տեղեկացա, որ մի քանի ամիս անց դիմանկարը հասել է հասցեատիրոջը, ով շատ էր հավանել իմ աշխատանքը»,- նշել է Ա. Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգը մահացել է 2018 թվականի մարտի 14-ին, 76 տարեկանում:

Հոքինգը տեսաբան ֆիզիկոս էր, գիտության հայտնի տարածող: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտմամբ:

Հաշմված գիտնականն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, զեկույցներով հանդես եկել՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով: