Մարտի 17-ին՝ լռության օրը, նախագահի թեկնածուները կարող են ընտրողներին տեղեկացնել իրենց գործունեության մասին, սակայն որեւէ քարոզչություն չիրականացնեն: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գործուեության մասին տեղեկացնելու արգելք չկա, բայց առանց խախտելու քարոզչության արգելքները: Սկզբունքորեն, դա շատ դժվար է անել առանց օրենքը խախտելու, բայց կարելի է անել», - նշել է ԿԸՀ քարտուղարը:

Օրինակ, թեկնածուն կարող է ընտրողներին եւ լրագրողներին տեղեկացնել, թե որտեղ է քվեարկելու մարտի 18-ին, քանի դիտորդներ կուղարկի ընտրատեղամասեր, պարզաբանել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին չի նախատեսում հանրային միջոցառուններ:

Նա նաեւ հույս է հայտնել, որ մինչեւ կիրակի ոչ մի արտառոց երեւույթ չի լինի, ինչը հրատապ հայտարարություն կպահանջի:

Լռության օրը արդեն սկսվել է ՌԴ-ի արեւելյան շրջաններում: Կամչատկայի երկրամասում եւ Չուկոտկայի ինքնավար շրջանում լռության օրն արդեն ուժի մեջ է մտել 15:00-ին՝ Մոսկվայի ժաանակով:

ՌԴ նախագահի ըտրությունները կանցկացվեն մարտի 18-ին: