Հայաստանի Ազգային ժողովի գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է տարածված այն տեղեկությունները, թե իրեն պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցը փակվում է: «Տենց բան չկա, մենք չենք փակվում, սուտ լուրեր են տարածում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Սամվել Ալեքսանյանը:

Նա նշեց, որ որոշ խանութներ փակվելու են ոչ թե ընդհանրապես, այլ միայն գիշերային ժամերին: «Մեծ խանութները իմաստ չունի բաց թողնել»,-նշեց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե պատգամավորին պատկանող «օբյեկտներում» աշխատակիցները չեն գրանցվում, կամ գրանցվում են նվազագույն աշխատավարձով՝ հարկեր չվճարելու համար, Ալեքսանյանն ասաց. «Նման բան չկա, եթե հարկեր չենք տալիս, բա ո՞նց ենք խոշոր հարկատուների ցուցակում երկրորդ տեղն ընգել»: NEWS.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե որքա՞ն է իրեն պատկանող օբյեկտների աշխատակիցների նվազագույն աշխատավարձը: Ի պատասխան օլիգարխը նկատեց, թե  չի կարող նշել աշխատավարձի չափը՝ հավելելով. «Լավ, էլի…ես մի բան չեմ հասկանում, եթե մեր մոտ էդքան քիչ ա աշխատավարձը, խի են բոլորն ուզում մեր մոտ աշխատեն»: Պարոն Ալեքսանյանը խոստացել է ճշտել ու մեզ տեղյակ պահել իր աշխատակիցների նվազագույն աշխատավարձի մասին: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» ցանցը ներառում է յոթ հսկայական խանութ, որոնք հարյուրավոր  աշխատակիցներ ունեն:    

Սամվել Ալեքսանյանն, ինչպես հայտնի է, խոշոր ներկրող է. ներկրում է առաջին անհրաժեշտության ապրանքներ`ցորեն, յուղ, ձեթ, շաքարավազ, դեղորայք:

Ի դեպ, պատգամավորը նեղացել է NEWS.am-ից, քանի որ Նոր տարվա տոներից առաջ, երբ նրա հետ հարցազրույց անցկացեցրինք, նա առաջարկեց այցելել իրենց տուն ու «էրեխեքին նկարել»: Չայցելեցինք, քանի որ չէինք խոստացել, ընդամենը նշել էինք, որ այցելելու դեպքում նախապես տեղյակ կպահենք: «Խի՞ չեկաք, էրեխեքը ձեզ սպասում էին»,-սրտնեղեց օլիգարխը: Համոզված ենք՝ պատգամավորի բազմազավակ ընտանիքը հյուրերի պակաս չի զգացել, նկարվելու առիթների պակաս էլ:

Հ.Մ.