Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 14։30-ի սահմաններում, Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Toyota Corolla մակնիշի երկու ավտոմեքենաներ։
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում Corolla –ներից 60 ՏՕ 909 համարանիշի ավտոմեքենան հայտնվել է մայթին՝ հարվածելով մայթեզրին գտնվող երկաթե էլեկտրասյանը։ Վնասվել են նաեւ մայթի վրա գտնվող խանութի տաղավարի ցուցանակները։
Ականատեսները հայտնել են, որ բախման պատճառը եղել է 11 ՕՏ 700 համարանիշի մեքենայի վարորդը։ Բախման արդյունքում հետիոտնը, ով այդ պահին անցնելիս է եղել նշված հատվածով, հարված է ստացել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի բնակիչ 44-ամյա Սահականույշ Ռոբերտի Գրիգորյանն է։ Մեքենաներից 11 ՕՏ 700-ի ղեկին եղել է Երեւանի բնակիչ, 41-ամյա Վահրամ Մեսրոպյանը, իսկ 60 ՏՕ 909 համարանիշի ավտոմեքենայի ղեկին՝ Երեւանի բնակիչ, 34-ամյա Բաբկեն Եսայանը։
Վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում իրենց քննչական աշխատանքներն են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները։ Վերջիներս աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարեցին, որ վթարված ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ։ Քննիչները մեկնեցին հիվանդանոց։






Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























