Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 11-ին Արաբկիրի վարչակազմի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավար Էդիկ Մուշեղյանին:
Ներկայացնելով Մուշեղյանին՝ Երեւանի քաղաքապետը հանձնարարականներ է տվել նրան, թե ինչպես պետք է ավելի լավ եւ արդյունավետ կառավարի վարչական շրջանը: Դրա հիմնական գրավական նա համարել է «կառավարման սուբյեկտի ինվենտարիզացիան», այսինքն բնակչության սոցիալական շերտերի, ուսումնական, մշակութային, մարզական հաստատությունները, դրանց վիճակը, այգիները, պուրակները, բակերը: «Անհրաժեշտ է վերլուծել հարկահավաքման գործընթացը, հասնել վարչական շրջանի արդյունավետ կառավարման»,- նկատել է Կարապետյանը՝ որպես անկյունաքար նշելով սրտացավ վերաբերմունքը իրականացվող աշխատանքների նկատմամբ: Նա նշել է, թե ժամանակն է փոխել խորհդային տնտեսվարի հոգեբանությունը:
«Անհրաժեշտ է իմանալ բնակիչների խնդիրներն ու կարիքները, կանխատեսել եւ լուծել խնդիրները»,- ընդգծել է Կարապետյանը:
Կարապետյանը հատուկ ուշադրություն է դարձրել ղեկավարների բարոյական կերպին, մասնավորապես դպրոցների եւ մանկապարտեզների: «Ժողովուրդը բացասաբար է վերաբերվում ղեկավարներին, քանի որ նրան թվում է, թե նրանք շարքային քաղաքացիների պես չեն ապրում»,- ասել է նա:
Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանը հրաժարական է տվել իր դիմումի համաձայն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























