Նիկոպոլում ամեն ինչ հանգիստ է եւ ոչ մի ազգամիջյան բախում չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Նիկոպոլի հայ համայնքի ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքերի նման զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Նիկոպոլում ամեն ինչ, խաղաղ ու հանգիստ է. հուզումների վերաբերյալ այստեղ նույնիսկ ակնարկ չկա»,-հայտնեց Սարգսյանը:
Խոսելով ուկրաինացիների կողմից հայկական խաչքարը կոտրելու մասին, նա պարզաբանել էր, որ հայի կողմից սպանված ուկրաինացիներից մեկն ապրել է խաչքարի մոտ գտնվող շենքում, որի թաղումից վերադառնալիս մի խումբ հարբած ուկրաինացիներ որոշել են «վրեժ լուծել» խաչքարից:
«Այս դեպքը կրում է անձնական, այլ ոչ զանգվածային բնույթ: Երիտասարդների խումբը ջարդել է խաչքարը, լինելով ոչ սթափ վիճակում: Այս արարքը դատապարտվել է հասարակության կողմից, իսկ վանդալիզմի 4 հեղինակներն արդեն ձերբակալված են»,- նշել է Սարգսյանը:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Նիկոպոլում զանգվածաբար ջարդում ու թալանում են հայկական խանութներ, համայնքի ղեկավարը պատասխանել է. «Այդ ո՞վ է ասել: Չկա այդպիսի բան. այդ ամենն ապատեղեկատվություն է: Այստեղ ամեն ինչ խաղաղ է»:
Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի 1-ին Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքի գիշերային ակումբներից մեկում 2 խմբավորումների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ ազգությամբ հայ տղայի մասնակցությամբ: Կռվի ընթացքում երիտասարդը դանակարահել էր 4 հակառակորդի, որոնցից 2-ը մահացել էին: Տ. Սարգսյանի տվյալներով՝ մյուս 2 տուժածներց մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:





























