Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ:

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ը հայտնել էր, որ 2010թ. դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, ժամը 00:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանն իր վարած ՎԱԶ 2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական համարանիշով ավտոմեքենայով Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել մայր եւ դուստր Կարինե եւ Անահիտ Գասպարյաններին։ Արդյունքում նրանցից մեկը տեղում մահացել էր, մյուսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ մահացել հիվանդանոցում:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել էր անօգնական ու դիմել փախուստի, այդ ընթացքում բախվելով մեկ այլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի ավտոմեքենայի: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ոստիկանության աշխատողի «կամուֆլյաժը»:

Ոստիկանության աշխատակցին ՃՈ աշխատակիցները տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին: Բժշկական ստուգմամբ պարզվել էր, որ Ա. Հովհաննիսյանը   դեպքի պահին եղել է ալկոհոլային երկրորդ աստիճանի հարբածության վիճակում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրասպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։ Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի