Հայաստանում ՌԴ դեսպանատանը կազմակերպված այդ երկրի նախագահի ընտրություններում արձանագտրված ակտիվության հետ հայաստանի իշխանությունն առնչություն չունի: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված նախօրեին Երեւանում ՌԴ դեսպանատանը ընտրություններին բավական ակտիվ մասնակցությունն ու հետաքրքրվածությունը, Քոչարյանը պատասխանեց, որ ՌԴ քաղաքացիներ են եղել եւ մասնակցել են ընտրության:
«Դա խոսում է այն մասին, որ այդ երկրի քաղաքացիները մասնակցում են ընտրությունների ու դա միայն Հայաստանում չէ: Մենք գիտենք, որ տարբեր երկրներում Ռուսաստանի քաղաքացիները մասնակցել են ընտրություններին, որոնք կազմակերպվել են տարբեր երկրների Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ նրանք ազգությամբ հայեր էին, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Պետք է նման հարցերում նրբանկատ լինել: Մեզ մոտ էլ քվեարկում են ՀՀ քաղաքացիներ, որոնք ազգույթմաբ հայ չեն, մենք որեւէ տարբերակում չենք դնում, մեզ համար ցանկացած ազգության մարդ ՀՀ քաղաքացի է, եւ մոտեցումը պետք է լինի սիմետրիկ այլ երկրների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ակտիվության հետ Հայաստանի իշխանությունն առնչություն չունի:

























