Մայրաքաղաքի 200 կրթօջախներից 30-ում դասերը կսկսվեն մեկ շաբաթ հետո. պատճառը այդ դպրոցներում ջեռուցման համակարգերի բացակայությունն է, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այդ հաստատությունները չեն օգտագործել իրենց աշանանային արձակուրդները եւ դրանք միացրել են ձմեռայինին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը։ 

«Այն դպրոցներում, ուր դասերը սկսվել եւ ընթանում են սովորական ռեժիմով, աշակերտների 72-74 տոկոս հաճախելիություն է արձանագրվել։ Այսօրվա՝ հունվարի 11-ի տվյալների համեմատությամբ այդ թվերը գրեթե չեն փոփոխվել՝ կազմելով շուրջ 75 տոկոս»,- տեղեկացրեց Մելքոնյանը։

Անդրադառնալով մամուլում հայտնված այն  տեղեկությանը, թե Երեւանի թիվ 37 միջնակարգ դպրոցում ջեռուցում չլինելու պատճառով աշակերտները դասերի վերսկսման առաջին իսկ օրը չեն դիմացել ցրտին եւ «փախել են» դպրոցից, հանրակրթության բաժնի պետը նշեց, որ իրենց սպասարկող մասնագետը զանգահարել է տվյալ դպրոցի տնօրենին եւ պարզել, որ նման խնդիր առհասարակ չի եղել եւ դասն ընթացել է սովորական գրաֆիկով։