Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25 տոկոս։ 

Որպես հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2010 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.8 տոկոս գնաճ, որի արդյունքում 2010 թ. տարեկան գնաճը կազմել է 9.4 տոկոս: Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնաճի կարգավորման կարեւորագույն գործիքներից է համարվում, թեեւ գործնականում դրա արդյունավետությունը չի հաստատվում։

ԿԲ խորհուրդը նշել է, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական եւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով։ Պարենային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7.5 տոկոսային կետ: Ընդ որում, մրգի, բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի եւ ձվի գների աճի նպաստումը կազմել է 5.0 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 2 տոկոսային կետ: 

Պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում են՝ նպաստելով նաեւ երկրորդային ազդեցությունների եւ գնաճային սպասումների ձեւավորմանը:

Սակայն ԿԲ խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի նմանատիպ անկման արձանագրումը եւ դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը:   

Կբ կարծիքով՝ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրված զարգացումների շարունակման պարագայում պահպանվում են գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը: 

Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսևորումները եւ գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռեւս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը: