Էլեկտրահաղորդման նոր գծի (ԷՀԳ) շինարարական աշխատանքների բացման հանդիսավոր արարողությունը, որը կկապի Վրաստանի ու Թուրքիայի էլեկտրահամակարգերը, տեղի կունենա այսօր, սեպտեմբերի 15-ին Գարդաբանիում։

Միջոցառմանը, ինչպես հաղորդում է Georgia Тimes գործակալությունը, ներկա կգտնվի Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարները։

«Գարդաբանի-500» ենթակայանում նոր ԷՀԳ-ի շինարարությունն իրականացվում է սեւծովյան տարածաշրջանի էլեկտրահաղորդման նախագծի շրջանակներում։

260 մլն. դոլար արժողությամբ նախագիծն իրականացնում է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգը»՝ Եվրոպայի ներդրումային բանկի (EIB), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Վերակառուցման ու զարգացման գերմանական բանկի (KFW) ֆինանսավորմամբ։