Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք՝ քվեարկության արդյունքները կեղծելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. դեկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված համայնքի ղեկավարի թեկնածու Քյարիմ Խուդոյանի եղբայրը՝ Վրաստանի քաղաքացի Քյազիմ Խուդոյանը մյուս համախոհների հետ միասին, չհամաձայնելով ընտրության արդյունքների հետ, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Արագածի բաժնի աշխատակիցների օրինական պահանջներին, վերջիններիս նկատմամբ գործադրելով կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, մտել են թիվ 14/1 ընտրական տեղամաս եւ հափշտակել քվեատուփը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Քյազիմ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով եւ 316-րդ հոդվածի առաջին մասով, Խատուն Նադոյանին եւ Մարիամ Խուդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ք.Խուդոյանի եւ Խ.Նադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Խուդոյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:
Ձեռնարկվում են օպերատիվ եւ քննչական գործողություններ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:





























