Գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը հերքում է մամուլի այն հրապարակումը, ըստ որի ինքը գյուղնախարարի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ է տարել նախարարության հաշվեկշռում գտնվող հեռուստացույցը: «Ընդհակառակը, ես կահավորել եմ իմ կաբինետը, սիրուն սարքել եմ, նոր թողել-գնացել եմ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդյանն ու հավելեց. «Երբ ես եկել եմ նախարարի իմ աշխատանքին, սենյակումս ոչ մի բան չի եղել: Ես կահավորեցի այն եւ հեռանալուց  նույնիսկ ոչ մի ասեղ էլ հետս չտարա: Դա ինձ ոչ պետք է, ոչ էլ անհրաժեշտ էր, մանավանդ, որ ինձանից հետո իմ քաղաքական թիմի ներկայացուցիչն է անցել գործի»,-բացատրեց Ալավերդյանը:

Նա նշեց նաեւ, որ պատրաստվում է հերքում պահանջել այդ  տեղեկությունը  տպագրած թերթից եւ այդ մասին ՕԵԿ մամուլի ծառայությունն արդեն իսկ աշխատանքներ է տանում:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկությանը, թե նախարար եղած ժամանակ Ալավերդյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ  նախարարության աշխատակիցներից որպես նվեր  200-ական դոլար գումար էր հավաքել, Ալավերդյանն ասաց. «Ես այդ մասին արդեն մեկնաբանություն տվել եմ եւ էլ հավես չունեմ մեկնաբանելու:  Ասել եմ, որ նման լուրերը հերյուրանքներ են,  մարդու վարկաբեկելու խնդիր են հետապնդում: էլ չգիտեն ինչ գրեն, նման անհեթեթ բաներ են գրում»,-հայտարարեց նախկին նախարարը:

Նշենք, որ թերթերից մեկը գրել էր, թե ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը նախարարական աթոռը լքելուց հետո իր հետ է տարել նախարարության հեռուստացույցը: Նախարարության պատասխանատուները Ալավերդյանին հորդորել են ձեռնպահ մնալ այդ ոչ այնքան գեղեցիկ արարքից, սակայն նա հակադարձել է՝ թե «նայել է» հեռուստացույցի փաստաթղթերը, ու ինքն ամեն ինչ «ճիշտ» է անում»: