Գերմանիայի Հաննովեր քաղաքում մարտի 1-5-ը տեղի կունենա տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների աշխարհի ամենամեծ ցուցահանդեսը` CeBIT 2011-ը:

Նշենք, որ 2010 թ. հայկական պատվիրակությունը չկարողացավ մասնակցել ցուցահանդեսին՝ պետական բյուջեից տրվող ֆինանսավորման կրճատման պատճառով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ այս տարի իրենց միությունը մեծ ցանկություն ունի, որ հայկական ընկերությունները մասնակցեն միջոցառմանը։ Այդ նպատակով հայկական ՏՏ ընկերությունների շրջանում կտարածվի հայտարարություն։ Հայտերը ստացվելուց հետո չի բացառվում, որ կառավարությունը միջոցներ հատկացնի պահուստային ֆոնդից։

CeBIT-ին մասնակցությունը կարեւոր է այն առումով, որ հայկական ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտը միջազգային հանրությանը, մոտիկից ծանոթանալ աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումներին։

Ըստ Վ. Հովսեփյանի՝ CeBIT-ը ունենում է մոտ 340 հազ. այցելու եւ 4000 մասնակից։