Այսօր՝ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի Մանեժնայա հրապարակում ձերբակալել է 50 մարդու: Հրապարակի մեծ մասը փակված է եղել Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին: Հարյուրավոր ոստիկաններ շղթա էին կազմել եւ ոչ ոքի չէին թողնում մտնել հրպարակ: Նրանք ստուգում էին խմբերով հավաքվող  երիտասարդների փաստաթղթերը:

Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ «Դեկտեմբերի 11 շարժումը» մտադիր է հունվարի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին ակցիա կազմակերպել Մանեժնայա հրապարակում:

Ձերբակալվածների թվում է նաեւ արգելված ծայրահեղական, արմատական-ազգայնական «Սլավոնական միություն» կազմակերպության լիդեր Դմիտրի Դեմուշկինը:

Մոսկվայի քաղաքային դատարանը 2010-ի ապրիլի 27-ին փակել էր «Սլավոնական միությունը», այն համարելով ծայրահեղական:

Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, որի առիթը դարձել էր ֆուտբոլի «Սպարտակ» ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունը կովկասցու կողմից: