Թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ կառավարությունը մտադիր չէ երկարացնել ժամկետը, առավել եւս հրաժարվել պարտադիր ապահովագրումից, տրանսպորտային միջոցների շատ սեփականատերեր, հետագա գլխացավանքից զերծ մնալու համար, շտապեցին ապահովագրել իրենց մեքենաները: Պատահական չէ, որ դեկտեմբերի վերջին օրերին, չնայած ամանորյա ծախսերին, ապահովագրական ընկերություններում լուրջ ակտիվություն արձանագրվեց: Դա շարունակվեց նաեւ տարեսկզբին:

Դրանով հանդերձ, մեծ թվով տրանսպորտային միջոցների սեփականատերեր դեռեւս ձեռք չեն բերել ապահովագրական պոլիսներ: Պաշտոնական տվյալներով, 418 հազար պոտենցիալ ապահովագրվողներից պոլիս է ձեռք բերել ընդամենը 230 հազարը: Այլ կերպ ասած, օրենքը գործողության մեջ է մտել այն ժամանակ, երբ ապահովագրված է տրանսպորտային միջոցների միայն 55 տոկոսը:

Իսկ դա նշանակում է, որ չապահովագրված սեփականատերերը հունվարի 10-ից հետո հարկադրված են լինելու տուգանք վճարել` օրենքի պահանջը չկատարելու համար: Ընդ որում, ինչպես տրանսպորտային միջոցը շահագործելու, այնպես էլ չշահագործելու դեպքում:

Հայտնի է, որ չապահովագրված մեքենայի տուգանքը 50 հազար դրամ է: Սեփականատերերը պարտավոր են տուգանք վճարել նաեւ այն դեպքում, երբ չապահովագրված ավտոմեքենան չի շահագործվում:

Հունվարի 10-ից միացվել է նման տրասնպորտային միջոցների տուգանքի հաշվարկը. հաշվառված, բայց չապահովագրված ավտոմեքենաների սեփականատերերին 10 օրը մեկ ոստիկանությունը կտուգանի 5 հազար դրամով:

Իհարկե, նման ձեւով տուգանք կարող է կիրառվել տարեկան 10 ամսվա համար: Այլ կերպ ասած, չշահագործվող տրանսպորտային միջոցի սեփականատերը ապահովագրական կտրոն չունենալու պատճառով տարվա ընթացքում կարող է տուգանվել առավելագույնը 50 հազար դրամով, որը բնականաբար շատ դեպքերում ավելին է, քան ապահովագրական պոլիսի արժեքը:

Հակառակ դեպքում, չշահագործվող տրանսպորտային միջոցը պետք է հանվի հաշվառումից»: