Թերթը գրում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի նախկին ղեկավար, Հայաստանի հարցով շատ կարճ ժամանակով համազեկուցող դարձած շվեդ խորհրդարանական Գորան Լինդբլադը թեեւ հայտնվել է շվեդական խորհրդարանից դուրս, հետեւաբար նաեւ ԵԽԽՎ-ից, այդուհանդերձ, որոշել է ամուր կառչել ղարաբաղյան թեմայից:

Հայերի ու Հայաստանի հանդեպ բնավ էլ ոչ բարյացակամ, ավելին` անբարեհաճ վերաբերմունք ունեցող Լինդբլադի` որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողի ոդիսականը սկսվեց Լինդբլադի հանդեպ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դժկամությամբ ու ավարտվեց Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում այս թեկնածուի պարտությամբ:

Դրանով կարծես թե Լինդբլադը հեռացվեց ղարաբաղյան խնդրին ու Հայաստանին առնչվելու հնարավորություններից, սակայն թերեւս ադրբեջանամետության մեջ մեղադրվելու իրական հիմքերից մեկի վկայությունն էլ Լինդբլադի ներկայիս կեցվածքն է. շվեդը որոշել է ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան խնդրի մասին Եվրոպային տեղեկացնելով:

Ինչպես ամենայն պատրաստակամությամբ տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Լինդբլադը մի քանի օրից պատրաստվում է սկսել մի նախագծի իրականացում, ըստ որի իբր «եվրոպական քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին առավել լավ պետք է ծանոթացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին»: Առավել հետաքրքրական է, որ Լինդբլադը հանձնվել է ադրբեջանական կողմին գլխովին, քանի որ այդ նախագիծը կոորդինացնելու է Լոնդոնում տեղակայված այսպես կոչված Եվրոպական-ադրբեջանական ընկերակցությունը: