Facebook-ի տեղեկատվական անվտանգության ղեկավար Ալեքս Ստամոսն իր պաշտոնից կհեռանա օգոստոսին: Այդ մասին հայտնել է The New York Times-ը:
Facebook-ի ղեկավարությունը չի եկել միաձայն որոշման, թե արդյոք ընկերությունը պետք է բացահայտի սոցիալական ցանցի աշխատանքում պետության միջամտության փորձերի եւ դրա հնարավորությունները չարաշահելու մասին տեղեկությունները: Ստամոսը հանդես էր գալիս նման տեղեկությունների մեծ մասը հրապարակելու օգտին: Բացի այդ, նա նախատեսում էր իր ստորաբաժանման վերակազմակերպում՝ չարաշահումներին ավելի արդյունավետ հակազդելու համար:
Նա ցանկանում էր ընկերությունից հեռանալ մոտ ժամանակներս, սակայն ղեկավարությունը նրան համոզել է եւս կես տարի աշխատել:
Անցած շաբաթ ընկերությունն արգելափակել է սոցցանցում Cambridge Analytica բրիտանական վերլուծական ծառայությանը, որը նախընտրական ռազմավարություններ է մշակում, այդ թվում Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար: Հենց Թրամփի քարոզարշավի համար Cambridge Analytica-ն հասանելիություն է ստացել 50 միլիոն օգտատերերի տեղեկատվությանը:




























