Թերթը գրում է, որ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդ է սկսել քաղաքապետարանում։ Քաղաքապետի նորանաշանակ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը։ Ըստ Շ.Սարդարյանի, երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը։ Այդ պաշտոններում նոր նշանակումներ դեռեւս չկան, եւ թեկնածուների անուններ էլ դեռ չեն շրջանառվում։

Երեկ աշխատանքից ազատվել է նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է քաղաքապետի մերձավոր Էդիկ Մուշեղյանը։ Թերթի տեղեկություններով, արդեն աշխատանքից ազատվելու դիմում են գրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը։  Վերոնշյալ բոլոր անձինք համարվում են նախկին քաղաքապետ Գագիկ Գեգլարյանի մարդիկ։

Վերջին 2 անձանց աշխատանքից ազատվելու դիմումների կապակցությամբ, սակայն, Շուշան Սարդարյանն ասել է. «Նման բան այս պահի դրությամբ դեռ չկա»։ ՀԺ-ն տեղեկություններ ունի նաեւ, որ առաջիկայում պաշտոնանկ են արվելու քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետեր՝ սկսած կրթության վարչությունից, վերջացրած կոմունալով։ Այս կապակցությամբ քաղաքապետի մամուլի խոսնակն ասել է. «Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա ներկայումս մշակվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածք, որը կներկայացվի Երեւանի ավագանուն, եւ համապատասխանաբար կլինեն որոշ փոփոխություններ»։ Թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։ Ըստ թերթի, ակնհայտ է մի բան, որ ամեն ինչ արվում է Բեգլարյանի մերձավորներից եւ կադրերից ազատվելու համար։