«ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությունը, որին պատկանում է Վորոնեժում մարտի 20-ին վթարված հայկական ավտոբուսը, կցկտուր տեղեկություններ է հաղորդում վթարի վերաբերյալ:

NEWS.am-ին վթարից միայն 2 օր անց հաջողվեց կապ հաստատել ընկերության երեւանյան գրասենյակի հետ: Նշենք, որ 2 օր է՝ ոչ ոք հեռախոսահամարներին չէր պատասխանում, իսկ գրասենյակը վթարի օրը փակ էր

«Վթարի մեղավորը հանդիպակաց եկած մեքենան է եղել»,- ասացին գրասենյակից՝ հրաժարվելով այլ տեղեկություններ հաղորդել:

Ճշտող հարցին՝ բեռնատարի վարո՞րդն է եղել մեղավոր, ընկերությունից դրական պատասխան տվեցին:

Գրասենյակից փոխանցեցին նաեւ, որ ՍՊԸ-ի տնօրենը Երեւանում չէ:

Ի դեպ, վթարից անմիջապես հետո ռուսական կողմը հայտարարեց, որ նախնական տվյալով, վթարի պատճառը ավտոբուսի հանդիպակաց ուղեմաս դուրս գալն է եղել:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Դոն» Մ4 ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը բախվել է բեռնատարին: Զոհվել է 2 մարդ, տուժել 9 քաղաքացի:

Ավտոբուսի վարորդներն են եղել 1972թ. ծնված Տիգրան Բաբախանյանը եւ 1974թ. ծնված Արկադի Թադեւոսյանը: Նախապես հաղորդվում էր, որ պատահարի երկու զոհերից մեկը հայկական ավտոբուսի վարորդն է, սակայն ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ նրանք վիրավոր են: Աղբյուրի տեղեկացմամբ՝ զոհվել են ավտոբուսի ուղեւոր՝ 1978թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը եւ բեռնատարի վարորդը՝ 1961թ. ծնված Ն.Սիոնին: