2017 թվականին Ճապոնիայում հաքերները համակարգիչները կոտրելու ճանապարհով հափշտակել են 662,4 մլն իեն (6,3 մլն դոլար) գումարով կրիպտոարժույթ: Այս մասին հայտնել է երկրի ոստիկանության գլխավոր վարչությունը, որն առաջին անգամ է նման վիճակագրություն հրապարակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս տեղեկությունների համաձայն՝ անցյալ տարի ընդհանուր գրանցվել է կրիպտոարժույթի գողության 149 դեպք համակարգիչները կոտրելու ճանապարհով: Որպես կանոն, դա եղել է ուղիղ ներթափանցում վիրտուալ «դրամապանակների» մեջ՝ հասցեի եւ գաղտնագրի նախնական գողության ճանապարհով:
Միեւնույն ժամանակ, աշխարհում ամենախոշոր կրիպտոարժութային հանցավոր ակցիան է շարունակում մնալ կրիպտոարժույթի ճապոնական Coincheck բորսայից 58 մլրդ իեն (մոտ 548 մլն դոլար) գումարով NEM կրիպտոարժույթի հափշտակումը, որը մինչեւ հիմա չի բացահայտվել: Նախնական տեղեկություններով՝ այն իրականացվել է անցյալ հունվարին ոչ թե կոտրելու ճանապարհով, այլ բորսայի ծառայողների համակարգիչները հատուկ մշակված վիրուսով վարակելու միջոցով:
Քննության տվյալներով՝ վիրուսը համակարգ է ընկել էլեկտրոնային փոստի հաղորդագրությամբ: Մարտի 12-ին Coincheck բորսան գողությունից տուժած իր հաճախորդներին փոխհատուցում է վճարել: Այն ստացել է մոտ 260 հազար մարդ: Նրանց ընդհանուր վճարվել է գրեթե 46,6 մրդ իեն (437 մլն դոլարից ավելի):



























