Համաշխարհային բանկն այս գիշեր հաստատել է Հայաստանին տրամադրվող 25 մլն դոլարի վարկային ծրագիրը՝ բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար։ Պաշտոնապես վարկը կոչվում է հետեւյալ կերպ՝ «Զարգացման քաղաքականության 2-րդ գործառնություն»։ Առաջինը տրամադրվել էր ճգնաժամային 2009-ին՝ 60 մլն դոլարի չափով։ Նախատեսվում է 2011 թ. տրամադրել նաեւ երրորդը, որի ընդհանուր գումարը կհաստատվի Հայաստանի կառավարության հետ քննարկումներից հետո։ Այդ մասին այսօր՝ հունվարի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին։

Նշված 25 մլն դոլարից 21 մլն դոլարը ստացվելու է Միջազգային զարգացման գործակալությունից, որը սովորաբար տրմադարում է արտոնյալ վարկեր։ Տվյալ պարագայում վարկն ունի 20 տարվա մարման ժամկետ՝ 10 տարի արտոնյալ ժամկետով։ Մնացած 4 մլն դոլարը հատկացնելու է ՀԲ խմբի անդամ մեկ այլ կազմակերպություն՝ Վերակառուցման եւ զարգացման Միջազգային բանկը՝ 25 տարով, որից 10 տարին արտոնյալ ժամկետ:

ՀԲ վարկը ծախսվելու է 2 հիմնական ուղղություններով։ Առաջին՝ աջակցություն սոցիալական ծրագրերին, երկրորդ՝ աջակցություն տնտեսության մրցունակության բարձրացմանը։ Մասնավորապես՝ գումարներ կհատկացվեն աղքատ համայնքներում նախադպրոցական հիմնարկների մատչելիությունը եւ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Տնտեսական ծրագրերից կկարեւորվեն ընդերքի շահոգործման կանոնակարգումը, հարկային եւ ֆիսկալ բարեփոխումները, հեռահաղորդակցությունը, էներգախնայողության ծրագրերը: