Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը կայանալու է Ստրասբուրգում հունվարի 24-ից 28-ը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հունվարյան նստաշրջանի օրակարգում Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցեր չկան: Սակայն, ըստ նրա, կան հարցեր, որոնք այս կամ այն կերպ կարող են արծարծել հայկական կողմին հետաքրքրքող թեմաներ:
«Անձամբ ես մտադիր եմ ելույթ ունենալ երեք հարցերով՝ Եվրոպայի Խորհրդի կառուցվածքի բարեփոխումների, ներգաղթի խնդիրների եւ ԵԽ անդամ-պետությունների միջեւ ռազմական հանցագործների փոխանակման խնդիրների հարցերով»,- հաղորդել է Զոհրաբյանը:
Նա նշել է նաեւ, որ հունվարից ԵՄ նախարարների կոմիտեի նախագահությունն անցնում է Թուրքիային: «Կառույցն ընթացիկ տարվանից գլխավորելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին նախատեսվում են Դավութօղլուի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթները, նրանք ներկայացնելու են ԵԽ Նախարարների կոմիտեի կառավարման իրենց տեսլականը Թուրքիայի նախագահության ընթացքում»,- ասել է Զոհրաբյանը եւ հավելել, որ մտադիր է հայ ժողովրդին հուզող մի քանի հարցեր հղել ինչպես Թուրքիայի նախագահին, այնպես էլ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին:





























