ԵՄ-ի միջազգային եւ քաղաքական անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեքշաբթի օրը` հունվարի 11-ին, պահանջել է, որպեսզի չեղյալ համարվի իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիի նկատմամբ կայացրած դատավաճիռը:
Իրանի դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 20-ին Փանահիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ արգելել է 20 տարի նրան ֆիլմ նկարահանել, շփվել մամուլի հետ եւ մեկնել արտասահման `մասնակցելու միջազգային մշակութային միջոցառումների` «համակարգի դեմ քարոզչություն եւ գործունեություն ծավալելու համար»:
Հարցին, թե ինչո՞ւ է Էշթոնը որոշել արձագանքել դատավճռին դրա հրապարակումից 20 օր անց, նա պատասխանել է որ Փանահիի գործն ուսումնասիրելու համար իրեն որոշ ժամանակ է անհրաժեշտ է եղել:
Էշթոնը նաեւ կոչ է արել չեղյալ համարել Մոհամեդ Ռասուլոֆի` երիտասարդ ռեժիսորի դատավճիռը, ով Փանահիի հետ աշխատել է 2009 թվականի ընդդիմության ցույցեր մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրան դատապարտել են 6 տարվա ազատազրկման:





























