Հունվարի 11-ին Նոր Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկից Մասիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարրհին շտապօգնության մեքենայում մահացել է դանակահարված մի երիտասարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները պարզել են, որ տեղի է ունեցել սպանություն եւ սպանվածը Խարբերդի բնակիչ, 32-ամյա Գեւորգ Վանուշի Սարգսյանն է:
Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժանմունքի քննիչները: Դեպքի վայրում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետներն ու քրեագետները քննիչների հետ փորձաքրեագիտական աշխատանքներ են կատարում:
Հարեւանները նշել են, որ երեկ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ: Վիրավոր երիտասարդին շտապօգնության մեքենան տեղափոխել է 7-րդ փողոցի 22-րդ տան դիմացից, որի մոտ քննիչները գետնին արյան հետքեր են հայտնաբերվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն):





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























