Հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը (Հունգարիա):

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: