Ճանապարհային ոստիկանությունը 2010 թվականն ամփոփել է բոլորի համար ցանկալի արդյունքներով. Ըստ այդմ, տարվա ընթացքում արձանագրվել է 1974 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 293 մարդ, վիրավորվել 2671-ը։ Հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման թվեր ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

«2009 թվականի համեմատությամբ 2010-ին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 28-ով, զոհերիներ՝ 32-ով, իսկ վիրավորներինը՝ 82-ով։ Բոլոր այս թվերով պիկ էր գրանցվել հատկապես 2008 թվականին»,- հիշեցրեց Սարգսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ 2009 եւ 2010 թվականներին միասին վերցրած՝ 2008-ի համեմատությամբ շուրջ 200 մարդու կյանք է փրկվել։

Վերջում ոլորտի պատասխանատուն հայտարարեց, որ ՃՈ-ն իր առջեւ նպատակ է դրել 2011 թվականի ընթացքում պահպանել բոլոր այն ձեռքբերումները, որոնց հասել է նախորդ տարում։