Մարտի 23-ին Կիեւի Շեւչենկովսկու շրջանային դատարանը ժողպատգամավոր Նադեժդա Սավչենկոյին թույլ է տվել նրա խափանման միջոցը ընտրելու դատական նիստին մասնակցել ապակեպատ խցիկից դուրս՝ իր պաշտպանների կողքին նստած: Համապատասխան որոշումը հրապարակել է դատավոր Եվգենի Սիդորովը, հեռարձակումը կատարում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Հաշվի առնելով անհատի բոլոր ասպեկտները՝ դատարանը կասկածելու հիմքեր չունի, որ դատական նիստի ժամանակ վերջինի գտնվելը ապակեպատ խցիկից դուրս կարող է որեւէ վտանգ ներկայացնել դատավարության մյուս մասնակիցներին: Նման հանգամանքներում հաշվի առնելով, որ դատական նիստի ժամանակ կասկածյալի գտնվելը ապակեպատ խցիկի մեջ որոշակի խոչընդոտներ է ստեղծում պաշտպանների հետ նրա շփվելուն, դիտողություններից պաշտպանական կողմի օգտվելուն եւ պաշտպանության իր սահմանադրական իրավունքի լիարժեք իրականացմանը, հարցը ենթակա դրական լուծման»,- որոշել է դատարանը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սավչենկոյին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից: Պատգամավորները նաեւ թույլ էին տվել նրան ձերբակալել ու կալանավորել:
Դրանից հետո գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ստորագրել եւ փաստաբանի ներկայությամբ հայտարարել էր Սավչենկոյին կասկածելու մասին, նա ձերբակալվել էր եւ գիշերն անցկացրել Ուկրաինայի անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում:
Նադեժդա Սավչենկոյին կասկածում են Գերագույն ռադայի նիստերի դահլիճում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Լուցենկոյի խոսքով՝ քննության տրամադրության տակ ապացույցներ կան, որ նա ծրագրել էր մարտական նռնակներով երկու օթյակ ոչնչացնել, իսկ ավտոմատով սպանել նրանց, ովքեր ողջ կմնային: Ինքը Սավչենկոն հայտարարել է, որ ծրագրել էր ընդամենը «քաղաքական սադրանք»:











