Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ինչպես նաեւ ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին:

Վարչապետին են ներկայացվել ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված վերլուծություններն ու դրանց մանրամասները: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Վերջինը գլխավորելու է Հայաստանի վարչապետը: 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կարեւորում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը եւ պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ՝ հավելելով, որ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ: