Համաշխարհային բանկն առաջարկել է Հայաստանի կառավարությանը՝ ավելացնել հանքարդյունաբերական ոլորտի հարկերը։ Այդ առաջարկները ներառվել են Ազգային Ժողովում քննարկվող «Ընդերքի մասին» օրենքի նախագծում։
Հիշեցնենք, որ կառավարությունը սույն օրինագիծը ներառել էր խորհրդարանի դեկտեմբերի արտահերթ նիստի օրակարգում, սակայն ընդդիմության ճնշման ներքո հանել էր այն։ Հավանաբար՝ իր դերն է խաղացել նաեւ հանքարդյունաբերության հզոր լոբբիի ճնշումը։ Ըստ մեր տեղեկությունների՝ հանքարդյունաբերության լոբբին հայրենի խորհրդարանում իր ազդեցությամբ զիջում է միայն ալկոհոլային խմիչքների բիզնեսի լոբբիին:
ՀԲ ներկայացուցիչները NEWS.am-ի խնդրանքով որոշ մեկնաբանություններ տվեցին Հայաստանի ընդերքի ոլորտի կարգավորման վերաբերյալ։ ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին ասաց, որ հանքարդյունաբերության ոլորտը հեշտ հասանելի պտուղներ է պարունակում։ Այն նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտասահմանից ստացվող եկամուտների ավելացմանը, նոր աշխատատեղերի բացմանը։ Սակայն ոլորտը Հայաստանում մի շարք թերություններ ունի, կապված շրջակա միջավայրի, սոցիալական հաշվետվականության, հարկային ռեժիմի հետ կապված։ Անկատար է նաեւ լիցենզավորման եւ մրցույթների անցկացման կարգը:
ՀԲ տնտեսագետ Գոհար Գյուլումյանն ասաց, որ խորհրդարանում քննարկվող «Ընդերքի մասին» օրենքի նախագծում հաշվի են առնվել իրենց առաջարկությունները։ Սա նշանակում է, որ պետք է ավելացնել բնօգտագործման վճարը 2 կամ 3 անգամ, կախված նրանից, թե պատգամավորները որ տարբերակին հավանություն կտան: Կսահմանվի նաեւ հաստատագրված վճարների սանդղակ, որը թույլ կտա ավելացնել հանքարդյունաբերության հարկումը միջազգային գների բարձրացմանը զուգահեռ։ ՀԲ փորձագետները գտնում են, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը բավարար չափով չի մասնակցել բյուջեի ձեւավորմանը, երբ 2004-08 թ.թ. տեղի էր ունենում մետաղների միջազգային գների աճ։




























