2011 թվականի առաջին տասնօրյակում հանրապետությունում ճանապարհա-տրանսպորտային պատահարների դրական ցուցանիշներ են արձանագրվել. գրանցվել է 61 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 5, մարմնական վնասվածքներ ստացել 111 մարդ։ Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։

Նրա խոսքով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պատահարների քանակը նվազել է 6-ով, զոհերինը՝  4-ով, աճ է գրանցվել միայն վիրավորների թվի առումով՝ 7-ով ավել, քան 2010-ին։

Անդրադառնալով ԱՊՊԱ պայմանագրի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հանգամանքին եւ համապատասխան պայմանագիր չունեցող վարորդներին տուգանելու թեմային՝ նա տեղեկացրեց որ դեռեւս ոչ մի տվյալ չի կարող տրամադրել։ «Նման թվեր կունենանք միայն ամսվա վերջին, հաշվառում պետք է անենք ամսվա կտրվածքով։ Այս պահին ես չունեմ տվյալներ, թե քանի՞ մեքենա է ապահովագրվել, որովհետեւ դա կոնկրետ մեզ այնքան էլ հուզող հարց չէ։ Մեզ համար առանձնահատուկ երեւույթ չէ առանց ԱՊՊԱ-ի ավտոմեքենաներ կանգնեցնելը։ Օրենքը մեզ վերաբերում է այնքանով, որքանով դա երթեւեկության կանոնների խախտման տեսակ է։ Մենք պարզապես պարտավոր ենք օրենքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնել։ Խնդիրը մեզ այդքանով է վերաբերում։ Այնուամենայնիվ, հունվարի 1-ից ֆիքսում ենք տվյալները, արձանագրություններ են կազմվում»,- տեղեկացրեց Սարգսյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ օրենքով սահմանված կարգով, ԱՊՊԱ չունեցող վարորդները կտուգանվեն 50 հազար դրամով։ «Վարորդները 10 հազար դրամով կտուգանվեն նաեւ այն  դեպքում, եթե ԱՊՊԱ վկայականը փակցված չլինի մեքենայի՝ հատուկ դրա համար նախատեսված տեղում»,- ամփոփեց Սարգսյանը։