Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի կողմից 2010թ. իրականացրած ծրագրերը երկրի անվտանգությունը բարձրացրել են նոր մակարդակի: Այդ մասին այսօր՝ հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազհային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ամփոփելով 2010թ. արդյունքները եւ նշելով, որ 2010թ. ձեռնարկված միջոցառումները թույլ կտան այս տարին ավելի անվտանգ դարձնել:
«2010 թվականին Հայաստանի ԱԱԽ-ն 6 նիստ է գումարել, որոնց ընթացքում քննարկվել է 15 հարց, դրանցից 7-ը Հայաստանի նախագահի հրամանագրերով կամ հանձնարարականներով այս կամ այն զարգացումն են ստացել: Ստեղծվել է 6 միջգերատեսչական հանձնաժողով, իսկ նախագահի վերջին հրամանագրով նաեւ 7-րդը»,- ասել է Բաղդասարյանը:
Նրա խոսքով, հարկ է հատուկ ուշադրություն դարձնել «Ռազմական տեխնիկայի եւ սպառազինության զարգացման պետական ծրագրին», որի շրջանակներում ռուսաստանցի գործընկերների հետ արդիականացվելու են Հայաստանի՝ ռազմարդյունաբերական պոտենցիալ ունեցող ձեռնարկությունները, նաեւ նորագույն ժամանակակից սպառազինություն է ձեռքբերվելու Հայաստանի զինված ուժերի համար:
Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է նաեւ «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությանը»՝ նշելով, որ տվյալ ծրագիրը թույլ կտա արմատապես արդիականացնել սահմանների կառավարման համակարգը:





























