Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ դեկտեմբերի վերջին շաբաթում (դեկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում) ՀՀ ԿԲ-ն մոտ 30 մլն դոլար է վաճառել՝ դրամի կտրուկ աժեզրկումը կանխելու համար։ Դոլարը վաճառվել է 363,72 միջին փոխարժեքով։

Սովորաբար՝ դեկտեմբերի վերջին օրերին իրոք վտանգ է ստեղծվում դրամի արժեզրկման համար, քանի որ գործարարները հանրագումարի են բերում տարվա արդյունքներն ու նախաամանորյա առեւտուրը՝ իրենց շահույթների մի մասը փոխարկելով դոլարի։ Ամանորի անմիջապես նախօրեին դոլարի նկատմամբ մեծ պահանջարկի մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ դեկտեմբերի վերջին շաբաթում փոխանակման կետերը վաճառել են մոտ 140 մլն դոլար՝ գնելով ընդամենը 90 մլն դոլար։

Ընդհանրապես ողջ դեկտեմբերը աչքի է ընկել նրանով, որ դոլարի նկատմամբ պահանջարկը գերազանցել է առաջարկին։ Սա Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումների մեջ եզակի երեւույթ է՝ սովորաբար տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Նույնիսկ դեկտեմբերի 20-24-ին, երբ փոխանակման կետերը կարողացել են բնակչությունից գնել առավելագույն քանակությամբ կանաչ թղթադրամներ՝ 95 մլն դոլար, ստիպված են եղել ավելի շատ վաճառել՝ մոտ 105 մլն դոլար։ Սա մասամբ բացատրում է այն հանգամանքը, թե ինչու դեկտեմբերին դրամը չարժեւորվեց՝ սպասվածին հակառակ։

Եթե ի մի բերենք արդյունքները՝ դեկտեմբերի ընթացքում բնակչությունը փոխանակման կետերում վաճառել է մոտ 400 մլն դոլար, ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Ինչ վերաբերում է դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճին, ապա դա հավանաբար պայմանավորված է կարճաժամկետ դոլարային վարկերի վերադարձմամբ։ Ինչպես հայտնի է՝ ճգնաժամային 2009-ին վարկերի մեծ մասը տրվել է կարճաժամկետ եւ ամերիկյան արժույթով։