«Հարավային գազային միջանցք» նախագիծն ունի որոշակի հեռանկրաներ, սակայն Ռուսաստանը փորձում է անել հնարավորը` դրա զարգացումը կանխելու համար: NEWS.am-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց տնտեսական հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին: Նրա խոսքով, «Հարավային գազային միջանցքը» ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բաղադրիչ ունի, քանի որ փորձում է հակակշիռ ստեղծել Եվրամիության վրա Ռուսաստանի քաղաքական ճնշմանը:

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը էներգետիկան օգտագործում է որպես քաղաքական ազդեցության գործիք: Արեւմուտքը «Հարավային գազային միջանցքն» օգտագործում է որպես քաղաքական երաշխիք», - մանրամասնեց Խուխաշվիլին` նշելով, որ այդուամենայնիվ նախագծի իրագործման հեռանկարը մշուշոտ է: Միայն Ադրբեջանով այդ նախագիծը չի կարող աշխատել: Կենտրոնական Ասիայի եւ Իրանի մասնակցության դեպքում հաջողության հնարավորությունը կաճի` կարծում է փորձագետը:

Նախագծի իրագործմանը խանգարելու համար Ռուսաստանը երկու ճակատով է գործում: Մոսկվան մեծացնում է ազդեցությունը Կենտրոնական Ասիայում` փորձելով թույլ չտալ այնտեղի ճյուղավորումներ նախագծի ուղղությամբ, նաեւ փորձում է Ադրբեջանին այնել այնպիսի առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի: Խուխաշվիլին հնարավոր չի համարում այդպիսի առաջարկների ցանկում Լեռնային Ղարաբաղը:

«Ես բացառում եմ իրադարձությունների այդպիսի զարգացումը: Ռուսաստանն այն երկիր չէ, որը էներգետիկային կտա առաջնային նշանակություն ի վնաս Հարավային Կովկասում միակ մշտական գործընկեր Հայաստանի հետ ավանդական հարաբերությունների: Դա իրական չէ», - եզրափակեց Խուխաշվիլին: