Ադրբեջանում սպանված ռուս սպայի մարմինն ուղարկվել է Ռուսաստան: APA ադրբեջանական գործակալության հաղորդմամբ, դիակի ուսումնասիրման ժամանակ վզի հատվածում հայտնաբերվել է կտրող-ծակող գործիքից առաջացած վերքեր, հայտնաբերվել են նաեւ բութ առարկայով հասցված հարվածի հետքեր գլխի վրա: Նշենք, որ սպանությունը եղել է նոր տարվա գիշերը:
Հետաքննութունը պարզել է, որ մի խումբ սպաներ, ովքեր ծառայել են ռադիոտեղորոշիչ կայանում, Նոր տարին նշելու համար հավաքվել են մայոր Սերգեյ Գրաչեւի տանը՝ զինվորական ավանում: Ուտել-խմելուց հետո հյուրերի եւ տան տիրոջ միջեւ կռիվ է բռնկվել, որի պատճառները դեռ պարզ չեն: Արդյունքում սպաները սպանել են Սերգեյ Գրաչեւին, տանից վերցրել գումարը, ոսկյա զարդերը եւ թաքնվել:
Սպանության մասին տեղեկատվությունը իրավապահ մարմիններին հասել է հունվարի 2-ին: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմնի աշխատակիցները հայտնաբերել են գլխատած Սերգեյ Գրաչեւին:
Հետաքննությունը պարզել է, որ երկու երեխաների հայր Գրաչեւը ընտանիքից բաժանվել է մի քանի տարի առաջ եւ ավելի քան մեկ տարի միայնակ ապրել զինվորական ավանում:
Ներկայումս Գաբալայում է գտնվում Ռուսաստանի ռազմական դատախազության աշխատակիցների խումբը:
Ցուցմունքներ են տալիս ռուս սպաները:





























