Երեւանում ջրամատակարարման վիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսիական «Վեոլիա Ջուր» եւ «Երեւան Ջուր» ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր: Քաղաքապետը նշել է, որ Ընկերությունում դրական փոփոխությունների դինամիկան բավարար չէ, կորուստները շատ են, հավաքագրման ցուցանիշը նույնպես չի բավարարում:
Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում շահագրգիռ կողմերի` «Երեւան Ջուր» ընկերության, քաղաքապետարանի, ջրային կոմիտեի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կհստակեցվեն կողմերի անելիքներն ու պարտականությունները: Նման քննարկումներ կլինեն յուրաքանչյուր ամիս:




























