Ֆեյսբուքը պահպանում է Android օպերացիոն համակարգն օգտագործող օգտատերերի զանգերի ու  SMS հաղորդագրությունների պատմությունը:  Arstechnica պարբերականը մեջբերում է Նոր Զելանդիայից ծրագրավորող Դիլան Մաքքեյի խոսքերը: Բեռնելով անձնական տվյալների ֆեյսբուքյան արխիվը՝ նա այնտեղ հայտնաբերել է իր զանգերի եւ SMS-ների պատմությունը: «Ես Facebook- ից ներբեռնեցի իմ տվյալների zip-արխիվը: Թե ինչպես է այնտեղ հայտնվել իմ ընկերուհու մորը կատարած զանգերի մասին տեղեկությունը, հասկանալի չէ»,- գրել է ծրագրավորողը թվիթերյան իր բլոգում:

Այս լուրը մեծ վրդովմունք էր առաջացրել ՏՏ համայնքում: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Facebook-ը երկար տարիներ տվյալների բազա է հավաքել, որը ներառում է տեղեկություններն այն մասին, թե երբ են արվել զանգերը եւ երբ ու ում են ուղարկվել հաղորդագրությունները: Վերլուծաբանների կարծիքով՝ օգտատերերը կարող են սոցցանցից ջնջել իրենց կոնտակտները, սակայն զանգերն ու SMS-ները չեն ջնջվում:

Android-ի վրա Facebook-ի Messenger-ի հարմարեցման ժամանակ հավելվածը մուտք է հարցնում դեպի զանգերն ու հաղորդագրությունները: Սակայն ավելի վաղ տարբերակներում նման հարց չէր տրվում, եւ Facebook-ն ավտոմատ կերպով թույլտվություն էր ստանում զանգերի եւ հաղորդագրությունների հավաքագրման համար՝ ինչպե՛ս մուտքային, այնպե՛ս էլ ելքային:

Facebook-ում նշել են, որ այս տեսակի տվյալների հավաքագրումը սովորական պրակտիկա է: «Սա անհրաժեշտ է գովազդի թարգեթավորման բարելավման համար: Հավելվածները, որոնք ձեզ օգնում են կապ պահպանել, աշխատում են պարզեցնել այն մարդկանց որոնումը, որոնց հետ դուք ցանկանում եք կապ հաստատել: Տվյալների հավաքագրման գործառույթը դրան օգնում է: Երբ դուք ամենաառաջին անգամ մուտք եք գործում հավելված, այն բեռնում է ձեր կոնտակտների մասին տեղեկությունը. դա սովորական պրակտիկա է»,- պարզաբանել են ընկերությունում: