Երեւանյան փոստային բաժանմունքի երկու պետեր այսօր՝ հունվարի 12-ին,  հեռացվել են աշխատանքից թոշակներից անօրինական գանձում կատարելու համար։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին սեփական աղբյուրները, բաժանմունքի պետերը յուրաքանչյուր թոշակառուից 200-ից 300-ական դրամ գանձում են կատարել։

Ի պատասխան NEWS.am-ի հարցման, «Հայփոստի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը չհերքեց բաժանմունքի պետերի աշխատանքից հեռացման մասին տեղեկությունը, եւ նշեց, որ բաժանմունքի պետերը հեռացվել են աշխատանքային թերացման համար։

Հիշեցնենք, որ «Հայփոստ» ընկերությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, ըստ որի, կենսաթոշակների վճարումը կատարվում է անվճար:

Այսինքն`թոշակառուները որեւէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին:  Խախտումների դեպքում «Հայփոստը» խնդրում է զանգահարել  գործող թեժ գծի հեռախոսահամարներով. 514-666, 514-667: