Ֆրանսիան եւ Գերմանիան արտաքսում են ռուս դիվանագետներին, փոխանցում է Reuters–ը։

«Սկրիպալի գործի» առնչությամբ Լեհաստանը եւս արտաքսում է 4 ռուս դիվանագետների։

Յուրաքանչյուր երկիր կարտաքսի 4 դիվանագետ։

ԱՄՆ–ն եւս՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության տասնյակ «ռուսական հետախույզների» արտաքսելու եւ Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման  մասին որոշում էր կայացրել։

Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։

Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի Ռուսաստանը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել։