Եվրամիության անդամ 28 երկրներից 14-ը որոշում են կայացրել արտաքսել ռուս դիվանագետներին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Լոնդոնի հետ համերաշխության։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։

Տուսկը, սակայն, չի նշել այն երկրների անունները, որոնք այդպիսի որոշում են կայացրել, ինչպես նաեւ չի հայտնել արտաքսվող դիվանագետների քանակը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ–ն եւս՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության տասնյակ «ռուսական հետախույզների» արտաքսելու եւ Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման  մասին որոշում էր կայացրել։

Ապա նրան են միացել նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան եւ Ուկրաինան։

Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։

Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի Ռուսաստանը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել։