Հայազգի Էնդի Սարկիսը կնկարահանվի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիտը» ֆիլմում։ Այս մասին տեղեկացնում է Collider ամսագիրը, նշելով, որ Էնդի Սարկիսի եւ Իեն ՄակՔելենի դերերն արդեն հաստատված են։ Հիշեցնենք, որ Էնդի Սարկիսը մինչեւ այս, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա նկարված համանուն ֆիլմում մարմնավորել է Գոլումի կերպարը։ Իեն ՄակՔալենը նույն ֆիլմում կերպարանավորել է կախարդ Գորշ Հենդալֆին։ Նշենք, որ հայտնի եռագրության նկարահանման համար ծախսվել է 281 մլն դոլար, սակայն ապահովել է 2,915,155,189 դոլար եկամուտ։

Ինչպես նշված է Wikipedia-ում, հայազգի Էնդի Սարկիսը (Էնդի Սարգսյան) նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, իսկ նրա մարմնավորած հոբիտ Սմեագորլի (որն իր ագահության եւ չարության համար դարձավ հրեշ Գոլում) կերպարի համար ամերիկյան կինոկադեմիային կոչ էին անում Սարկիսին «Օսկարի» արժանացնել։ Ակադեմիան մերժել է միայն մեկ պատճառով. Սարկիսը ֆիլմում շատ քիչ է երեւացել, քանի որ նրա կերպարանավորած Գոլումը համակարգչային գրաֆիկայի արդյունք է։ Նրա խաղից հետո, նույնիսկ բուռն բանավեճեր են ծավալվել իրական եւ գրաֆիկական հերոսների կերպարանավորման դերասանական խաղի միջեւ գոյություն ունեցող տարբերության մասին։

Տեղեկացնենք, որ Էնդի Սարկիսի հայտնի մյուս գրաֆիկական հերոսը 2005 թվականին նկարահանված «Քինգ Կոնգ» ֆիլմի համանուն հսկա գորիլան է։ Սարկիսը նույն ֆիլմում խաղացել է նաեւ նավի խոհարար Լամփիի դերը։