Նորվեգիան մտադիր է Արկտիկայի ընդարձակ շրջաններում լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն ապահովել, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Այս նախագիծը կարեւոր է Նորվեգիայի զինված ուժերի համար եւ կարող է բավարարել նաեւ մեր դաշնակիցների (ՆԱՏՕ–ի) պահանջները»,–հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե Էնսենը։
Կայուն եւ արագ ինտերնետային կապը կապահովեն երկու արբանյակներ, որոնք 2022 թվականին նախատեսում է արձակել Space Norway AS ընկերությունը։
Սկանդինավյան թագավորության կառավարությունը խոստացել է ընկերությանը հատկացնել 1 մլրդ կրոն (շուրջ 130 մլն դոլար ներկա փոխարժեքով), եթե նրանք կարողանան լրացուցիչ միջոցներ ներգրավել մասնավոր ոլորտից եւ ապահովել նախագծի շահութաբերությունը արբանյակների 15 տարվա ծառայելու ընթացքում։
Նորվեգիայի կառավարությունում նշում են, որ կապի վատ որակը Բեւեռային շրջանում դժվարացնում է արտակարգ ծառայությունների աշխատանքը։



























