2017 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 29,6 տոկոս աճ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, լրագրրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը՝ հավելելով, որ նույն թվականին այդ ոլորտում 381 նոր ընկերություն է ստեղծվել, որոնք օգտվում են հարկային արտոնություններից:

«2017-ին իրականացվեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն» եւ «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրերը: 2017-ին սկսվել են 2019-ին Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի՝ WCIT-ի նախապատրաստական աշխատանքները:

2018-ին ունենք պետություն-մասնավոր հատված համագործակցությունը մեծացնելու ծրագրեր, մասնավորապես այս պահին նախարարությունում քննարկվում է տվյալների ստեղծման ծրագիրը, նաեւ փորձում ենք համագործակցել Արցախի տեխնոլոգիաների կենտրոնի հետ, աջակցել Ստեփանակերտում նոր ՏՏ ոլորտի կրթական ծրագրի մեկնարկին»,-հայտարարեց փոխնախարարը:

Նա կարեւորեց մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը եւ ապակենտրոնացումը. «Գյումրիում արդեն 27 ընկերություն ունենք: Մենք նպատակ ունենք այն մասնավոր ընկերություններին, որոնք ցանկություն ունեն Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղերը, ուղղորդել դեպի մարզեր»: