Հայաստանում ՏՏ ոլորտում սեփական տեխնոլոգիական լուծումներ, սեփական արտադրանքներ են ստեղծվել, որոնք արդեն ճանաչվել են աշխարհում. Այս առումով Հայաստանը ամեն տարի վերածվում է սեփական լուծումներ ստեղծող երկրի: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, լրագրրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը:
Նրա խոսքով, մի կողմից պետությունը խթանում է սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, ստատափերի կայացմանը, մյուս կողմից պետք է խթանի այս ոլորտում հայկական արտադրանքն ամբողջ աշխարհում տարածելուն, որը թույլ կտա վաճառել մեր ընկերությունների արտադրանքը:
«Երբ խոսում ենք այն մասին, որ Հայաստանը դառնա սեփական արտադրանք տվող երկիր, կարեւոր է ոչ միայն իմանալ ծրագրավորման լեզու, այլ այդ ընկերությունները պետք է ուսումնասիրեն շուկայի պահանջը եւ դրա շուրջ կառուցվի լուծումը: Այս հարցում թերանում ենք»,-ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ կառավարությունն աջակցում է ստատափերի ստեղծման ծրագրերին. «Դրանցից կարող եմ նշել STEP ծրագիրը, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Օրինակ այդ ծրագրի շնորհիվ 2017-ին 14 ընկերություն առանձնացվեց, որից 5-ը ստացավ ֆինանսավորում պետության կողմից, որ իրենց գաղափարները վերածեն արտադրանքի: Եթե մի քանի տարի առաջ ունեինք «Microsoft» ինովացիոն կենտրոնը, որը զբաղվում էր աքսելերացիոն ծրագրով, այսօր արդեն ունենք մի քանի կենտրոններ, այդ թվում միջազգային կառույցների ուշադրությունն ու աջակցությունը: Իհարկե, ոլորտի զարգացման համար խթան հանդիսացան նաեւ պետության համաֆինանսավորումն ու հարկային արտոնությունները: Օրինակ, IT ոլորտի նորաստեղծ ընկերությունների համար եկամտահարկը կազմում է ընդամենը 10 տոկոս»:
Փոխնախարարի խոսքով, այսօր ոլորտի հայկական ընկերությունները ավելի շատ տարածված են ԱՄՆ-ում. «Նաեւ փորձեր ենք անում եվրոպական ու ռուսական շուկա մտնելու: Սա արվում է ոչ միայն արտապատկերման շուկայի դեպքում, այլեւ մեր լուծումների վաճառքի, թիմերի ներկայացվածության առումով»:




























