Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքի լավագույն թանգարաններից մեկում, հիմնանորոգումից հետո, առաջին ցուցադրությամբ, 2010 թ. դեկտեմբերի 19-ին բացվել է «Ռուսաստան եւ օրիենտալիզմ» խորագրով` նախկին խորհրդային երկրների արվեստագետների արեւելյան թեմաներով ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ 2011 թ.  մայիսի 8-ը:

Հայաստանի մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Անհայտ ռուսական արեւելքը» ներկայացնում է 19-րդ դարեվերջի եւ 20-րդ դարի սկզբի ռուս նկարիչներ Վերեշչագինի ու Պոլենովի` Ռուսաստանի հարավի ու Մերձավոր Արեւելքի էկզոտիկ երկրներում կատարած ճանապարհորդական փաստագիր աշխատանքներն ու 19-20-րդ դարերի սահմանագծին նույն թեմատիկայով ստեղծագործող արեւելքի գեղանկարիչների գործերը:

Կազմակերպիչների հավաստմամբ Հոլանդիայի ու Եվրոպայի արվեստասերների համար իսկական հայտնություն կարող է լինել Մարտիրոս Սարյանի էսթետիկան` որը շատ ինքնատիպ է, սակայն, նաեւ բնորոշ այդ ժամանակաշրջանի եվրոպական արվեստի սկզբունքներին:

Գրոնինգենի ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 8 կտավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից եւ 5 աշխատանք` Հայաստանի ազգային պատկերասրահից` Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Վասիլի Պոլենով, Գրիգոր Շարբաբչյան եւ 19-րդ դարի անհայտ նկարչի 1 աշխատանք: